Հայաստան են ժամանել իտալացի գործարարներ, ովքեր հայ գործընկերների հետ կքննարկեն փոխշահավետ ու հեռանկարային համագործակցության հնարավորությունները: Այս մասին այսօր` մայիսի 12-ին Երեւանում նշել է Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետ Ռենցո Տոնդոն` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական հարաբերություններն ավանդական բնույթ ունեն, եւ պատմությունը շատ լավ հիմք է ստեղծել այդ հարաբերությունները զարգացնելու համար: ՀՀ ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի եւ համագործակցության խորացմամբ ու չափազանց կարեւորում է քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական հարաբերությունների, առեւտրատնտեսական, կրթամշակութային, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում փոխգործակցությունը: Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաեւ Հայաստանի եւ Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը` ողջունելի համարելով Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգի եւ Տավուշի մարզի միջեւ ամրապնդվող հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ուղղությամբ աշխատանքը:
Նահանգապետ Ռենցո Տոնդոն հույս է հայտնել, որ ՏԻՄ մակարդակում հարաբերությունների սերտացումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների կառավարությունների միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար:
Հայաստանյան այցից ներկայացնելով իր տպավորությունները` Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետը նշել է. «Հայաստան կատարած այցի ընթացքում մենք գտանք մեր ընդհանուր քրիստոնեական արմատները: Ես անչափ տպավորված եմ ձեր գեղեցիկ երկրով»:
Նահանգապետն այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որի մասին ասել է, թե իր համար չափազանց հուզիչ է եղել այն, ինչ տեսել ու լսել է:





























