Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը նախապատրաստել է իր երկրորդ ելույթը «Երկու աստղում» : Այս մասին այսօր` մայիսի 12-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` գլխավոր մարքսիստը:
Հաշվի առնելով, որ Դավիթ Հակոբյանը մասնակցել է Հ1-ի «Երկու աստղ» նախագծին` երգչուհի Աիդա Սարգսյանի հետ, նրան հարց ուղղեցինք, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանը ներկայացնող Էմմի ելույթը «Եվրատեսիլ 2011»-ում: Նա, սակայն, չցանկացավ պատասխանել այդ հարցին` նշելով, որ օրվա կարեւոր թեման իր «Ազգային» ճակատ» նոր դաշինքի ստեղծումն է: Փոխարենը տեղեկացրեց, որ նախապատրաստում է «Երկու Աստղում» իր երկրորդ ելույթը:
NEWS.am-ը զանգահարեց Հանրային հեռուստատեսություն` ճշտելու, թե արդյոք «Երկու աստղ» նախագիծը վերսկսվո՞ւմ է, ինչին ի պատասխան հայտնեցին, որ նման խոսակցություններ առայժմ չկան:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 11-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչում Էմմին պարտություն կրեց եւ եզրափակիչում ներկայացված չի լինի: Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ փուլ անցան Սերբիան, Հունաստանը, Լիտվան, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան ներկայացնող երգիչները Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով ելույթ ունեցավ 4-րդը։ Ի դեպ, վերջին վեց տարում Հայաստանն առաջին անգամ չանցավ եզրափակիչ: Նշենք նաեւ, որ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլին» 2006թ.-ից: Այդ տարի Անդրեն գրավեց 8-րդ տեղը: Նույն դիրքում էր նաեւ Հայկոն` 2007-ին: 2008-ին Սիրուշոն Հայաստանին բերեց 4-րդ հորիզոնականը: 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները զբաղեցրել են 10-րդ տեղը, իսկ անցած տարի Եվա Ռիվասը 7-րդն էր:




























