ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամների եւ նրանց ընտանիքների անդամների համար Միացյալ նահանգներ մուտքի արգելք սահմանելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով 4 աղբյուրի:

Նրանց տեղեկություններով՝ վարչակազմում ուսումնասիրում են նաեւ ՉԿԿ այն անդամների եւ նրանց ընտանիքների ամերիկյան վիզաների անվավեր ճանաչման առաջարկությունը, որոնք արդեն ԱՄՆ-ում են, ինչպես նաեւ սահմանափակել Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի զինծառայողների եւ Չինաստանի պետական ձեռնարկությունների ղեկավարների մուտքը երկիր: Պարբերականն արձանագրում է, որ համանման առաջարկների կատարումը չափազանց դժվար է՝ հաշվի առնելով այն, որ ՉԿԿ-ն 92 մլն անդամ ունի: 2018 թվականին ԱՄՆ է մուտք գործել գրեթե 3 մլն չինացի քաղաքացի, ամերիկյան իշխանությունները չգիտեն Չինաստանից հյուրերի մեծ մասի գտնվելու վայրը:

Հրապարակման համաձայն՝ առաջարկները ներառվել են նախագահ Թրամփի հրամանի նախագծի մեջ: Այս փաստաթուղթը հիմնավորվում է Ներգաղթի եւ քաղաքացիության մասին օրենքով (Immigration and Nationality Act) եւ դեռեւս ավարտված չէ:

Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երեկ տեղեկացրել էր Չինաստանի տեխնոլոգիական ընկերությունների մի քանի աշխատակիցների դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք, ըստ ամերիկյան իշխանությունների եզրակացությունների, մասնակցել են մարդու իրավունքների խախտումներին: Պոմպեոյի հայտարարության մեջ պարզաբանվում է որ Ներգաղթի եւ քաղաքացիության մասին օրենքի համաձայն ԱՄՆ օտարերկրացու ժամանումը անթույլատրելի է, եթե երկրի իշխանությունները հիմքեր ունեն կարծելու, որ երկիր մուտքը «Վաշինգտոնի համար կարող է ունենալ հնարավոր լուրջ անբարենպաստ արտաքին քաղաքական հետեւանքներ»:

Պետքարտուղարությունը, ֆինանսների, առեւտրի եւ ներքին անվտանգության նախարարությունները հուլիսի սկզբին հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում նախազգուշացրել էին ընկերությունների համար ռիսկերի մասին, որոնց մատակարարումների շղթաները կապված են Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի ձեռնարկությունների հետ՝ դրանց վերագրվող մարդու իրավունքների խախտումներով պայմանավորված: