«Հյուսիսային հոսք-2»-ի եւ «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի դեմ պատժամիջոցներ սահմանելու Վաշինգտոնի սպառնալիքը CAATSA օրենքի շրջանակում եվրոպական բիզնեսի վրա կոշտ ճնշում է եւ անբարեխիղճ մրցակցություն: Այսօր այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սա բացասական դրսեւորումների շարունակությունն է, տարբեր սահմանափակումներ մտցնելու կոշտ գծի շարունակությունը, եվրոպական բիզնեսի վրա կոշտ ճնշման գործադրում, որոնց առնչվում են նաեւ մեր ընկերությունները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովի խոսքով՝ «սա անբարեխիղճ մրցակցության շարունակությունն» է՝ փորձելով  «եվրոպացիներին ստիպել գնել ավելի թանկ գազ պակաս շահավետ պայմաններով»: