«Այնպիսի տպավորություն է, որ բոլորը ցանկացել են, որ մարտի 1-ը բացահայտվի, բայց չի բացահայտվել: Իրականում ես հիմա էլ համակարծիք չեմ, որ մարտի 1-ը բացահայտելու նպատակասլաց գործընթաց կարող է ընթանալ: Մարտի 1-ի բացահայտումը շատ շատերի գլուխը կցավեցնի:

Դա նաշանակում է, որ շատերը ոչ միայն իշխանությունից, այլեւ Հայաստանից պետք է հեռանան: Մարտի 1-ը սովորական դեպք չէր, որ մեկի վրա բարդեն, կոծկեն եւ անցնեն առաջ»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է նախկին  «Փաստահավաք խմբի» անդամ, «Ժառանգությունը» ներկայացնող Սեդա Սաֆարյանը` շարունակելով. «Ես համոզված էի, որ Փաստահավաք խումբը պետք  է հնարավորություն ունենա երեք նախագահներին էլ լսելու: Հիմա այնպիսի տպավորություն է, որ մեկի վրա են գցում`թե ո՞վ կազմակերպեց այդ պլանը, ո՞վ իրականացրեց եւ ինչո՞ւ նման ողբերգական ավարտ ունեցավ»: Սեդա Սաֆարյանը մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ նախկին նախագահ Քոչարյանի վերջին հայտարարություններից այն տպավորությունն է ստացել, որ նա փորձում է արդարացնել եւ իր, եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը` ողջ մեղադրանքն ուղղելով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կողմը»: