Մասիս քաղաքի բնակիչ Գագիկ Սողոյանը զանգահարել է NEWS.am-ի խմբագրություն եւ իր բողոքը հայտնել ոստիկանության գործողությունների հետ կապված:
Նրա խոսքով, մոտ 20 օր առաջ իրեն փողոցում մոտեցել են երկու ոստիկաններ այն ժամանակ, երբ նա դիմակն հանած է եղել, քանի որ ուտելիս է եղել: Երբ տեսել է մոտեցող ոստիկաններին Գագիկ Սողոյանը միանգամից փորձել է դնել դիմակը, ինչին ի պատասխան, ոստիկանները նրան հորդորել են չդնել՝ասելով, որ չեն տուգանելու:
Քաղաքացին NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանները եղել են առանց դիմակի, իրեն էլ ասել են. «Խախտում ես արել, պետք է թուղթ ստորագրես, արխային ստորագրի, չենք տուգանելու, ուղղակի որպես նկատողություն, պետք է ուղարկենք պարետատուն: Ես էլ ստորագրեցի»,-ասաց Գագիկ Սողոյանը:
Մի քանի օր անց նրան ծանուցում է եկել, ոստիկանությունից. «Գնացի ոստիկաություն, պարզվեց ինձ տուգանել են դիմակ չկրելու համար, փաստորեն ինձ խաբեցին այդ ոստիկանները, առանց դիմակի, առանց ներկայանալու մոտեցան ու խաբեցին: Մի քանի օր անց վերջնական ակտը եկավ, որով պարտավորվում եմ 15-օրա ժամկետում վճարել, սակայն ես անապահով եմ եւ չունեմ միջոցներ այդ տուգանքը վճարելու:
Գնացի ոստիկանություն, ասացի, որ ցանկանում եմ բողոքարկել, սակայն նշեցին, որ պետք է գնամ դատարան: Այնտեղ էին նաեւ այն ոստիկանները, որոնք առանց դիմակի էին: Երբ ասացի, որ իրենք էլ էին առանց դիմակի, ինչո՞ւ նրանք չեն տուգանվում, վերջիննես պատասխանեցին՝ կարո՞ղ ես ապացուցել, որ մենք առանց դիմակի ենք եղել»,-ասաց Գագիկ Սողոյանը:
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, նրան ասել են՝ որտեղից, որ եկել է տուգանքը, այդտեղ էլ պետք է բողոքարկել:
Այժմ քաղաքացին չգիտի՝ որտեղ դիմի, որ իր խնդրին լուծում տրվի:





























