Ուկրաինական «Կոմսոմոլսկայա պրավդան» մայիսի 13-ի իր հոդվածում թվարկել է «Եվրատեսիլ-2011» մրցույթի 10 գլխավոր մասնակիցներին, ովքեր այս կամ այն կերպ առանձնացել են մնացածներից։ Վարկանիշային ցուցակում հայտնվել է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Էմմին, ով առաջին կիսաեզրափակչի տվյալներով եզրափակիչ չի անցել։
Ցուցակի առաջին տեղում Իտալիան է, ով զբաղեցրել է «տարվա վերադարձ» անվանակարգը, 2-րդ տեղում Խորվաթիան է, ով առանձնացել է «ամենագեղեցիկ համարով», 3-րդում՝ Բելառուսն իր I love Belarus հայրենասիրական երգով։
4-րդն Էմմին է՝ «ամենառազմաշունչ» անվանակարգում։ Պարբերականը գրում է. «Հայ երգչուհի Էմմին կարծես իր երգով ասում է մեզ. «Ես կհաղթեմ բոլորին»։ Դա ապացուցելու համար նա երգի առաջին հատվածում կարմիր խալաթով նստած է բռնցքամարտի հսկա ձեռնոցի մեջ։ Խալաթն, իհարկե, նման է Ձմեռ Պապի հագուստի։ Իսկ հետո Էմմին իր վրայից գցում է խալաթը՝ մնալով բռնցքամարտի գոտիով անճաշակ սպիտակ հագուստով»։
5-րդը «ամենառոմանտիկը» ճանաչված Ուկրաինան է, 6-րդ «ամենալպստածը»՝ Իռլանդիան, իսկ «ամենալեգենդարը»՝ Իսրայելի ներկայացուցիչ Դանա Ինթերնեշնլը։
8-րդ տեղում Էրիկ Սաադեն է Շվեդիայից, ով բեմում ապակե քառակուսի է կոտրում։ 9-րդ տեղում «ամենատեխնոլոգիական» Ռուսաստանն է։ Վերջապես 10-րդ տեղում Անգլիան է՝ «ամենաանվանին»:





























