Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի որոշ դրույթները համահունչ են Դաշնակցություն կուսակցության դիրքորոշման հետ: Այդ մասին ԱԺ-ում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:
Մասնավորապես, նա համաձայնել է Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքին, թե մարտի 1-ի գործով քննչական գործընթացն արդյունավետ չի եղել:
Շահբազյանը նաեւ կիսում է երկրորդ նախագահի կասկածները` իշխանություն-ընդդիմություն անկեղծության առումով:
«ՀՅԴ-ն միշտ կասկածել է այդ երկխոսության անկեղծությանը: Դա ավելի շուտ նախընտրական առեւտուր է: Պարզ է, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշակի պարտավորություններ ունի իր զինակիցների առջեւ` մարտի 1-ի գործերով դատապարտվածների ազատ արձակման եւ ընտրությունների որոշակի արդյունքների հասնելու իմաստով: Ուստի նա կարող է գործարքի գնալ իշխանությունների հետ: Բայց լավ է, որ գործարքն առնչվի միայն այդ երկու հարցերին, այլ ոչ թե ողջ հայ ժողովրդի շահերին, չդիպչի, ասենք, հայ-թուրքական հարաբերություններին: Այս կապակցությամբ ՀՅԴ-ն մտավախություններ ունի»,- հայտարարել է Շահբազյանը` հավելելով, թե այդ դեպքում լրջորեն կտուժի այն ուժերի հեղինակությունը, որոնք կմասնակցեն նման գործարքների:
Պատգամավորը նաեւ մտավախություն հայտնեց, որ այդ գործարքում կարող են միջնորդ լինել արտաքին ուժերը, որոնք դա կանեն ամենեւին էլ ոչ հայ ժողովրդի գեղեցիկ աչքերի, այլ իրենց շահերի համար:
Խոսելով երկրորդ նախագահի վերադարձի հնարավորության մասին, նա նկատել է, թե դժվարանում է կանխատեսումներ անել: «Բայց ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի յուրաքանչյուր հարցազրույց ուղեկցվում է աժիոտաժով քաղաքական դաշտում եւ լրատվամիջոցներում»,- նկատել է Շահբազյանը:





























