Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008 թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԾ-ից:

Մասնավորապես, 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 զոհերից Դավիթ Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու կապակցությամբ կատարված նախաքննությամբ հաստատվել է, որ վերջինս հրազենային մարմնական վնասվածք ստանալուց հետո Մաշտոցի պողոտայի գյուղմթերքների շուկայի մոտակայքից քրեական գործով չպարզված սպիտակ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 2 կլինիկական հիվանդանոց:

Նախաքննական մարմինը խնդրում է «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկություններ ունեցող, ինչպես նաև վերը նշված դեպքին ականատես անձանց դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբին 511-612 հեռախոսահամարով կամ ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քաղ. Երեւան, Վ.Սարգսյան 5, հարցաքննության: