Ռազմավարական տնտեսական խնդիրները պետք է դառնան կառուցվածքային փոփոխության, սպառման շուկաների ընդլայնման, բաժնետիրական ընկերությունների ստեղծման միջոցառումները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը:

Նրա խոսքով՝ մայիսին եւ հունիսին տնտեսական ակտիվության անկման ցուցանիշները անչափ լուրջ են եղել՝ 12 տոկոսի շրջանում, եւ եթե անգամ գրանցվի դրական դինամիկա, օրինակ՝ տեղի ունենա կապիտալ շինարարության ոլորտում պետական ծախսերի  ժամանակին տեղաբաշխում, ապա տնտեսական անկումը տարեվերջին կկազմի գրեթե  5 տոկոս: «Իսկ տնտեսական աճի առումով ոչ մի հեռանկար չեմ տեսնում, քանի որ այս ուղղությամբ որեւիցե քայլ չի ձեռնարկվում: Ինչ վերաբերում է ինֆլյացիային, ապա որոշակի խնդիրներ կարող են ծագել արտահանելիս եւ ներմուծելիս փոխադրման գների աճի հետ կապված դժվարություններ առաջանալու դեպքում, սակայն ցուցանիշները ընդհանուր առմամբ կլինեն տանելի մակարդակում»,- նշեց նա:

Ադոնցը հավելեց, որ մեղմացման եւ տնտեսության վերակագնման տեսակետից կարճաժամկետ հեռանկարում խնդիր է շրջանառության մեջ փողի ներդնումը, եւ այս իմաստով ներուժ կա նույն զբոսաշրջության ոլորտում, քանի որ այն հավասարակշռված է, եւ կարելի է երկրի ներսում խթանել այն մարդկանց ակտիվությունը, որոնք ավանդաբար հանգստանում են արտասահմանում:

Իսկ Հայաստանի տնտեսության ամենալուրջ խնդիրը, նրա համոզմամբ, կառուցվածքային փոփոխություններ չկատարելն է: «Հայկական տնտեսությունը հենվում է մի քանի ճյուղերի վրա՝ գյուղատնտեսություն, վերամշակում, պղնձի խտանյութի արտահանում, զբոսաշրջություն, ՏՏ ոլորտ: Անհրաժեշտ է զարգացնել այլ ուղղությունները, ընդլայնել սպառման շուկաները՝ հաշվի առնելով, որ հայկական 1 մլրդ դրամ գումարի արտահանման գերակշիռ մասը կողմնորոշված է դեպի Ռուսաստան: Առանց հաշվի առնելու խտանյութի արտահանումը՝ մյուս երկրների հետ ցուցանիշները կտրուկ կրճատվել են եւ տատանվում են 5-10 մլն դոլարի սահմանում: Սա վկայում է այն մասին, որ մենք, փաստորեն, արտաքին շուկաներում ներկայացված չենք: Տնտեսության մեջ բաժնետիրական ընկերությունների դերի մեծացումը, որը կապված կլիներ սփյուռքի հետ, թույլ կտար մեծացնել ներդրումների ծավալները, ինտենսիվացնել լայն սպառման ապրանքների արտադրությունը, ընդլայնել սպառման շուկաները, ինչը կհանգեցներ տնտեսական ցատկի: Ուստի կարեւոր է, որ վարկային շուկայի միջոցները վերաբաշխվեն դեպի բաժնետիրական շուկա, ինչը ձեռնարկություններին թույլ կտար ընդլայնվել: Իսկ այն ծրագրերը, որոնք այսօր քննարկվում են, ոչ մի կապ չունեն այս ուղղության զարգացման հետ»,- շեշտեց փորձագետը:

Տնտեսագետը նշեց՝ իսկ պետական շինարարությունը, այդ թվում նաեւ ճանապարհաշինությունը, ինչի մասին շատ են խոսում, ըստ էության իրականացվում է ոչ թե հարկային մուտքերի հաշվին, այլ արտաքին պարտքի: «Մեր խնդիրն այն է, որ այդ միջոցները ներդնենք այն ոլորտներում, օրինակ՝ արդյունաբերական, որոնք լրացուցիչ արժեք են ստեղծում, իսկ ճանապարհները, կառույցները եւ շենքերը ինքնին այն չեն ստեղծում: Անհրաժեշտ է, որ այդ ճանապարհները տնտեսական ակտիվության խթան դառնան, որի շարժիչը պետք է լինեն ներդրումները եւ միջոցների ստեղծումը: Մեր արտադրողները մրցունակ չեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում, քանի որ հումքային աղբյուրների բացակայության ֆոնին նրանք ծանրաբեռնված են նաեւ հարկային բեռով: Անհրաժեշտ է մտածել ահա այս մասին»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է հուլիսի 19-ից որոշ արտադրողների համար գազի սակագնի բարձրացմանը, ապա այս փոփոխությունը, Կարեն Ադոնցի խոսքով, կմեծացնի ամբողջ տնտեսության ծանրաբեռնվածությունը, եւ ամենամեծ խնդիրն այն է, որ էներգատար ընկերությունները կարող են դիմել արտադրության ծավալների նվազման: