Ավստրալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կգրանցվի բյուջեի ամենամեծ դեֆիցիտը, քանի որ COVID-19-ի տարածումը կառավարությանը ստիպել է միլիարդավոր դոլարներ տրամադրել տնտեսությունը խթանելու համար: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Ջոշ Ֆրիդենբերգը, հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքերով՝ կառավարության եկամուտները նվազել են այն դեպքում, երբ Ավստրալիան մոտ 290 միլիարդ դոլար է ուղղում ֆիսկալային աջակցությանը: «Մեր միջոցները, ինչպես նաեւ հարկային եկամուտների զգալի կրճատումը, հանգեցրին ավելի ցածր շահույթների»,- Կանբերայում ավստրալացի օրենսդիրներին ասել է Ֆրիդենբերգը: «Բայց դա անհրաժեշտ էր միլիոնավոր ավստրալացիների հանդեպ հարվածը մեղմելու, ինչպես նաեւ ավստրալացիների բիզնեսն ու աշխատանքը պահպանելու համար»:

2019-2020 եւ 2020-21 ֆինանսական տարիների դեֆիցիտի ճշգրիտ չափը կհրապարակվի ավելի ուշ:

Տնտեսագետները ակնկալում են, որ մեկ տարվա ընթացքում, որը կավարտվի հունիսի 30-ին, բյուջեի դեֆիցիտը կգերազանցի 75 միլիարդ դոլարը, կամ Ավստրալիայի համախառն ներքին արդյունքի մոտ 4%-ը: Հաջորդ տարի դեֆիցիտը կգերազանցի 200 միլիարդ դոլարը, կամ ՀՆԱ-ի մոտ 10%-ը:

Թվերը կարող են նաեւ վատանալ, քանի որ Ավստրալիան փորձում է զսպել COVID-19-ի նոր բռնկումը: