Ուսամա բեն Լադենն, օգտագործելով միջնորդներ եւ ոչ թանկ համակարգչային սկավառակներ, կարողացել է ընդհատակից էլեկտրոնային նամակներ ուղարկել` ԱՄՆ օպերատորներին իրեն հետեւելու հնարավորություն չտալով: Այս մասին գրում է The Miami Herald-ը` վկայակոչելով Associated Press-ին:

Նրա համակարգը եղել է դանդաղ եւ տքնաջան, բայց գործել է, եւ դա նրան թույլ է տվել դառնալ էլեկտրոնային բազմաթիվ նամակների հեղինակ` չնայած իր ճամբարում համացանցի կամ հեռախոսային գծերի բացակայությանը: Այդ մեթոդներն ի դերեւ են հանել նրան կիբերտարածքում հետեւելու Արեւմուտքի ջանքերը:

Բեն Լադենի համակարգը կառուցված է եղել վստահության եւ կարգուկանոնի վրա:

Նշվում է, որ որոշակի վայրում փոստատարը հիշողության սկավառակը տեղադրել է համակարգչում, բեն Լադենի հաղորդագրությունն արտագրել է եւ ուղարկել: Նա նաեւ ստացված նամակներն է արտագրել  ֆլեշ-սկավառակի վրա եւ վերադարձել ճամբար, որտեղ բեն Լադենը ցանցից դուրս կարդացել է հաղորդագրությունները:

Սա եղել է դանդաղ, դժվար գործընթաց, բայց այնքան խնամքով իրականացված, որ նույնիսկ հետախուզության վետերաններն են զարմացել այն այդքան երկար պահելու բեն Լադենի ունակությամբ: ԱՄՆ-ում միշտ կասկածել են, որ բեն Լադենը շփվել է փոստատարների միջոցով, սակայն չեն պատկերացրել, թե ինչ հնարավորություններ կարող էր ունենալ այդ համակարգը:

Բեն Լադենի սպանությունից հետո հատուկջոկատայինները ֆլեշ-հիշողության մոտ 100 սկավառակ են հայտնաբերել, եւ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ իրենք արխիվացնում են բեն Լադենի ու ողջ աշխարհում նրա համախոհների միջեւ նամակագրությունը:

Այդ ֆայլերը կարող են ԱՄՆ-ին օգնել ոչ միայն Ալ Քաիդայի մյուս գործիչներին գտնելու հարցում, այլեւ կստիպեն ահաբեկիչներին փոխել իրենց աշխատանքի մեթոդները, ինչը կարող է նրանց ավելի խոցելի դարձնել: