Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլինը քննադատել է Բենիամին Նեթանյահուի, այսպես կոչված, միասնության կառավարության անդամներին՝ նրանց կոչ անելով դադարեցնել խոսակցությունները եւս մեկ արտահերթ ընտրության մասին եւ կենտրոնանալ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի վրա:
Կորոնավիրուսի վերահսկողության նախնական հաստատումից հետո, Իսրայելում հիմա պիկ է դիտվում՝ օրական մոտ 2000 նոր դեպք, այն դեպքում, երբ գործազրկությունն աճել է մինչեւ 20 տոկոսով: Այս ամենը հանգեցրել է երկրում զայրալից բողոքների:
Մայիսին երեք արտահերթ, վիճելի եւ վերջնարդյունքում ոչ համոզիչ ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը ստեղծվել է ճգնաժամին դիմակայելու կոնկրետ նպատակով: Այդուհանդերձ, դա հիմնականում բնորոշվել է ներքին պայքարով, հակասական քաղաքականությամբ եւ Կնեսեթում կասկածելի օրենսդրությամբ, եւ այս ամենը Նեթանյահուի սեփական կոռուպցիոն դատավարության ստվերի ներքո, նշում է AP-ն:
«Ես խոր մտահոգությամբ եմ հետեւում Կնեսեթում իրադարձություններին, որոնք սասանում են կոալիցիայի գործընկերների միջեւ առանց այն էլ փխրուն հարաբերությունները: Որպես քաղաքացի եւ մեր բոլորի անունից ասում եմ՝ ուշքի եկե՛ք: Դադարեք խոսել արտահերթ ընտրությունների մասին, ներկայումս այդ սարսափելի տարբերակի մասին, եւ ձեզ փրկեք դրանից: Իսրայել պետությունը լաթե տիկնիկ չէ, որը դուք վիճելիս քաշում եք տարբեր ուղղություններով: Մարդիկ ցանկանում են, որ դուք կենտրոնանաք այս ճգնաժամի լուծման վրա»,- նշել է նա իր թվիթերյան էջում:
Ռիվլինի կոչը հնչել է հաջորդ օրը այն բանից հետո, երբ խորհրդարանն ընդունել է հակասական օրինագիծ կորոնավիրուսի արագ տարածման դեմ միջոցառումներ ընդունելիոս կառավարությանը օրենսդիր մարմնի շրջացմամբ լայն լիազորություններով օժտելու մասին: Նեթանյահուի գլխավոր գործընկեր «Կապույտների եւ Սպիտակների» ցենտրիստական կուսակցությունը կոալիցիայի հետ տարաձայնություն է ունեցել նույնասեռական հակումների շտկման արգելքի մասին օրինագծի հարցում, որը վիրավորել է կառավարության ուլտրաօրթոդոքսալ անդամներին:




























