Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, որի դեմ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր կիրառել, շարունակել է հեռակա բանավեճն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Ես հրավիրել եմ ընկեր եւ պարոն Պոմպեոյին։ Եւ հիմա բոլորի առջեւ ասում եմ, որ իրավունք չունեմ դա անելու: Վերջ, չեղարկում եմ հրավերը եւ հայտարարում եմ նրան (Պոմպեոյի)՝ հանրապետությունում գոյություն ունեցող բոլոր պատժամիջոցների մեջ ընդգրկելու մասին՝ ընդհուպ մինչեւ բոլոր հաշիվների արգելափակումը։ Նույնը նրանք էին արել իմ նկատմամբ»,- ասել է Քադիրովը հանրապետությունում կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին կառավարության անդամները եւ տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:

Քադիրովը հավելել է, որ ինքը չէր գնա Ամերիկա, եթե նույնիսկ հրավիրեին:

Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ պատժամիջոցների ցուցակներում է, չնայած «որեւէ դատարանում ոչ մի մեղադրանք չի առաջադրվել»: «Եթե անգամ ինչ-որ բանում մեղավոր լինեի, ի՞նչ են կապ ունեն իմ դուստրերն իրենց ընտանիքների հետ, ինչու՞ պետք է նրանք պատասխան տան իրենց հոր համար: (...) Եվ ինչու՞մ է մեղավոր իմ կինը, ով նստած է տանը եւ ոչ մի տեղ չի խցկվում, ոչ մի քաղաքականության մեջ», - հարցրել է Չեչնիայի ղեկավարը:

Քադիրովը նշել է, որ պատժամիջոցների կիրառումը նշանակում է, որ իրեն միջազգային մակարդակի ազդեցիկ գործիչ են համարում: «Ընդհակառակը, մենք պետք է հպարտ լինենք: Ուրեմն մեզ գիտեն: Քաղաքականության մեջ մեզ համաշխարհային մակարդակի վրա են դնում: Մեր անունը կարեւոր է գլոբալ հարցերում»,- ասել է նա:

Ավելի վաղ Քադիրովը, ի պատասխան ԱՄՆ Պետդեպարտամենտի «սեւ ցուցակում» ընդգրկվելուն, ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել էր այցելել հանրապետություն: