Չի բացառվում, որ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի գործով հետաքննության ժամանակ հարցաքննության կանչվեն Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց  Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

«Իհարկե, այդ հարցն անպայման կքննարկվի եւ կորոշվի առաջին եւ երկրորդ նախագահների հարցաքննության նպատակահարմարությունը»,- ասաց նա:

ՀՔԾ ղեկավարը նաեւ հայտնեց, որ հետաքննության ընթացքում ի գիտություն կընդունվի 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ փաստահավաք խմբի զեկույցը։ «Այդ խմբի ցանկացած եզրահանգում կհամադրվի մեր եզրահանգումների հետ»,- հավաստիացրեց Միրզոյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ մարտի 1-ի բոլոր այն տեսանյութերը եւ ձայնագրությունները, որոնք որպես նոր փաստեր ներկայացնում են որոշ քաղաքացիներ, հենց սկզբից եղել են հետաքննության տրամադրության տակ. եւ իրավապահները լավ ծանոթ են դրանց հետ։

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց ընդդիմության հանրահավաքի մասնակիցների նկատմամբ, որի հետեւանքով զոհվեց 10 մարդ:

Նշենք, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո ԵԽԽՎ Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ առկա իրավիճակի մասին ընդունել է  թիվ 1609, 1620 եւ 1643 բանաձեւերը, որտեղ եվրոպական կառույցը պահանջում է մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն անցկացնել, անհապաղ ազատ արձակել անհիմն կամ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ընդդիմության գործիչներին:

Բացի այդ, մայիսի 13-ին ԵՄ-ն հայտարարություն է տարածել` Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների, մասնավորապես, իշխանություն-ընդդիմություն երկխոսության առնչությամբ: Մասնավորապես, ԵՄ-ն ողջունել է Սերժ Սարգսյանի ապրիլի 20-ի հայտարարությունը, որտեղ կոչ է արվում առավել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել 2008թ. մարտյան դեպքերի առնչությամբ: Ողջուննվել է նաեւ վերջին շաբաթների ընթացքում,  ազատազրկման դատապարտված ընդդիմադիր գործիչների վաղաժամ ազատ արձակումը:

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ ազատ արձակել բոլոր մնացյալ ակտիվիստներին: Եվրոպական միությունը գտնում է, որ 2008թ. մարտյան դեպքերի մանրակրկիտ հետաքննությունը եւ այդ դեպքերի առնչությամբ ձերբակալված բոլոր անձանց ազատարձակումը կօգնեն Հայաստանի իրական առաջխաղացմանը»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ: