Ֆրանսիայի Վալանս քաղաքում մայիսի 13-ին հազարավոր մարդիկ են հավաքվել Հայկական ժառանգության կենտրոնի մոտ, ովքեր հույս ունեին հանդիպել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ, գրում է Nouvelles d`Arménie-ն:
Ազնավուն անձամբ է բացել իր անունը կրող զբոսայգին, որը գտնվում է Վալանսի հայկական թաղամասում: Այս թաղամասում հայերը 10 տոկոս են կազմում:
Շառլ Ազնավուրին ուղեկցում էին իր ընկեր Չիկոն` Gypsies խմբի անդամը, դերասան Ջեքի Ներսեսյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը: Ազնավուրին շրջապատել էին բազմաթիվ լրագրողներ ու լուսանկարիչներ:
Վալանի քաղաքապետԱլեն Մորիսի եւ մի շարք պատգամավորների ուղեկցությամբ, Ազնավուրը սկզբում այցելել է Հայկական ժառանգության կենտրոն, որտեղ ասել է. «Այն ամենն ինչ վերապրել են հայերը, ավելի սարսափելի է, քան ես պատկերացնում էի»:
Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության քրեականացում նախատեսող օրենքի մերժմանը, Ազնավուրը դա «անհասկանալի» է որակել, հույս հայտնելով, որ տեքստը կներկայացվի մոտակա ամիսներին:
«Ես երջանիկ եմ գտնվելով Վալանսում` քաղաք, որը շատ լավ ճանաչում եմ ու որտեղ ունեմ բազմաթիվ ընկերներ: Ես նաեւ երջանիկ եմ, որ կենդանության օրոք տեսնում եմ իմ անունով զբոսայգի»,- ասել է հայ երգիչը:




























