Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, այժմ`ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե պատրաստվում է լքել Հայաստանը եւ ընտանիքով մեկնել Չեխիա: Այս մասին այսօր` մայիսի 14-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Մ. Հարությունյանը:
«Ես հիմա դիրքերում եմ իմ տեղակալ Լեոնիդ Արմենակիչի հետ: Ես ոչ մի տեղ էլ չեմ գնում, ոչ Չեխիա, ոչ ուրիշ պետություններ, ես ապրել եմ Հայաստանում վերջին 15 տարին, ապրելու եմ Հայաստանում»,- ասաց նա:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, Միքայել Հարությունյանը մտադիր է ընտանիքը տեղափոխել Չեխիա, որտեղ վերջինս տարիներ շարունակ ներդրումներ է կատարել: Ըստ այդմ, նշվել էր, որ Այս օրերին տարբեր զորամասերում իրականացվող ստուգումները Միքայել Հարությունյանի փոխարեն իրականացնում է գեներալ-մայոր Լեոնիդ Մարտիրոսովը:
Անդրադառնալով Չեխիայում ներդրումներ կատարելու թեմային, Մ. Հարությունյանը նշեց, որ ինքը Պրահայում մի անգամ է եղել Բրյուսել գնալիս: «Եթե ներդրումներ ունենայի, կներդնեի Հայաստանում», - ասաց գլխավոր ռազմական տեսուչը:





























