Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 16-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաաքյանի հայտարարությանը, որով վերջինս մարտի 1-ի դեպքերի հարցում որպես գլխավոր մեղավոր մատնանշում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ պաշտպանում Սերժ Սարգսյանին:

«Քննադատության վեկտորները որեւէ ուղղությամբ ուղել կամ չուղղելը չեմ կարծում, որ որեւէ հետեւանք կարող է ունենալ: Այդ հետեւանքները կարող են լինել միայն իրավական դաշտում եւ հետաքննություններից հետո կարող է որոշվել, թե ինչ հետեւանքների պատճառով տեղի ունեցան այդ իրադարձությունները, որոնք էին դրանց պատճառները, ովքեր էին կատարողները եւ ովքեր պետք է ենթարկվեն պատասխանատվության»,-հայտարարեց Մելիքյանը: Նրա խոսքով` քաղաքական հայտարարությունները, ինչպիսին էր նաեւ Դալլաքյանի հայտարարությունը, բացի քաղաքական հետեւանքից, որեւէ այլ հետեւանք ունենալ չեն կարող: Գագիկ Մելիքյանը նշեց նաեւ, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցություն են ունեցել մարտի 1-ի հարցում, պետք է միանշանակ պատասխանատվության ենթարկվեն, անկախ զբաղեցրած պաշտոնից: Այդ թվում եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: