Ցանկալի է, որ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված անձինք ազատ արձակվեն եւ դա տեղի ունենա մինչեւ մայիսի 28-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 16-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա`վեջիններիս ազատ արձակումը պետք է տեղի ունենա որոշակի «իրավական ճշգրտումների» հիման վրա: Իրավական ճշգրտում ասելով` պատգամավորը նկատի ունի հետեւյալը. «Իրավական հիմքերի ստեղծման կարիք կա, որոնք կնպաստեն կալանավորվածների ազատ արձակմանը: Դա կարող է լինել ներման դիմումների ձեւով, համաներման ձեւով, կարող են երկրի նախագահիին դիմել նաեւ հայտնի մարդիկ եւ այդ դիմումները նախագահի կողմից, չեմ կարծում, որ հաշվի չեն առնվի»,-հայտարարեց Մելիքյանը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանք կրող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը պետք է մայիսի 28-ին ազատ արձակվեն: Նկատենք, որ ՀԱԿ-ը մայիսի 31-ին հանրահավաք է հրավիրել, իսկ նախորդ հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե մայիսի 31-ին հանրահավաքում հարթակում կլինեն Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը: