ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է օրենքով սահմանված առավելագույն մակարդակի` 14,3 տրլի դոլարի:

Երկրի ֆինանսների նախարար Թիմոթի Հայթները այս մասին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսում եւ նշել, որ սկսել է միջոցներ ձեռնարկել  դեֆոլտը կանխարգելելու համար, գրում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

Այդ միջոցառումներից առաջինը եղել է ֆինանսական հատկացումների դադարեցումը պետական պաշտոնյաների երկու խոշոր կենսաթոշակային հիմնադրամներին: Հայնթերը հայտարարել է, որ իրականում այդ քայլը չպետք է ազդի թոշակառուների բարեկեցության վրա, քանի որ հետագայում այդ հատկացումները, այդուհանդերձ, կտրվեն:

Նախարարի խոսքով, դա եւ մնացած այլ տեխնիկական միջոցները թույլ կտան ԱՄՆ-ին խուսափել դեֆոլտից մինչեւ օգոսոտոսի 2-ը:

Հայնթերը հերթական անգամ հետեւողականորեն կոչ է արել Կոնգրեսին բարձրացնել պետական պարտքի առավելագույն մակարդակը, սակայն հանրապետական ընդդիմության ղեկավարությունը դեռեւս հայտարարում է, որ կհամաձայնի այդ քայլին միայն տնտեսական ոլորտում իր պահանջների կատարումից հետո, որոնց թվում է պետական ծախսերի կրճատումը: