Հայաստանի կառավարությունը շարունակում է հույսեր փայփայել, որ մեր երկրում եւս հնարավոր է գտնել նավթ կամ գազ։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել մի որոշման նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ տարածքում նավթի եւ գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության լիցենզիաները տրամադրել մրցութային կարգով: Հարցը կքննարկվի կառավարության մայիսի 20-ի նիստի ընթացքում։
Նշենք, որ Հայաստանում նավթի եւ գազի որոնման աշխատանքներ տարվում են դեռ խորհրդային ժամանակներից: Մինչեւ Հայաստանի անկախացումը Արարատյան դաշտում փորվել է մոտ 120 հորատանցք, սակայն լուրջ արդյունքներ չեն ստացվել:
Օտարերկրյա ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծացավ 2000թ. հետո՝ կապված միջազգային շուկայում էներգակիրների գների բարձրացման հետ: Ընդ որում՝ հետախուզական աշխատանքները հիմնականում ուղղված են գազի որոնմանը:
Ենթադրվում է, որ Արմավիրի մարզի Վարանդ գյուղի մերձակայքում հնարավոր է մոտ 3 մլրդ խմ գազի պաշարներ կան: Ներկայում այդ վայրի հորատանցքերով զբաղվում է «Թիմ էներջի» ընկերությունը, որը կանադական «Տրանսեվրո էներջի» կորպորացիայի դուստրն է:
Մինչ 2009 թ. նավթի եւ գազի որոնման աշխատանքներ են տարվել նաեւ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիում: Այդ աշխատանքներն իրականացրել են կանադական Vangold Resources Limited եւ իռլանդական Blackstairs Energy ընկերությունները:
Հայաստանի այդ տարածքները սահմանակից են Կուր գետի այն իջվածքին, որտեղ գտնվում են նավթի եւ գազի հանքավայրեր՝ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքներում: Նավթի հանքավայրեր կան նաեւ սահմանակից Իրանում: Հենց այդ հանգամանքն էլ հիմք է հանդիսացել Հայաստանում՝ ավելի խոր շերտերում ածխաջրածինների պաշարների առկայության մասին ենթադրությանը:
Սակայն, ըստ NEWS.am-ի տեղեկությունների, ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով նավթի եւ գազի որոնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են։
Սամվել Ավագյան




























