Հաագայում ավարտվել է 2008-2010 թթ. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերի ընտրանու ցուցադրությունը, որը կազմակերպվել էր «Filmhuis Den Haag»-ի կողմից:

Ինպես NEWS.am-ին հայտնեցին «The Best of Golden Apricot International Film Festival» կինոփառատոնի մամուլի ծառայությունից, ծրագրի բացումը տեղի է ունցել մայիսի 6-ին:  Մասնակցել են Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, բազմաթիվ կինոգետներ, կինոգործիչներ եւ կինոքննադատներ:

Կինոքննադատ Ռադա Սեսիչն իր ելույթում նշել է, թե որքան մեծ կարեւորություն է տալիս «The Best of Golden Apricot International Film Festival» ծրագրին եւ պատմել է ֆիլմերի ընտրության իր սկզբունքի մասին:

«Ինձ համար կարեւոր էր ընդգրկել այնպիսի ֆիլմեր,  որոնք հոլանդացի հանդիսատեսին  կհիշեցնեին, որ այդ տարածաշրջանն «ուրիշ» է, որը մենք բոլորս հիշում ենք Սերգեյ Փարաջանովի եւ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերից, որոնք ոգեւորում են, հետաքրքրում,  օրիգինալ եւ թարմ են: Պարզվեց, որ շատ ֆիլմեր բարձրացնում են սահմանի հարցը եւ ոչ միայն արտաքին աշխարհի հետ, այլ մեր ներքին սահմանի», - ասել է Սեսիչը:

Ֆիլմերի ցուցադրությանը հաջորդած  քննարկումներին  մասնակցել են բազմաթիվ հայ եւ օտարերկրյա ռեժիսորներ, պրոդյուսերներ եւ տարբեր փառատոնների ներկայացուցիչներ:

Ցուցադրվել են Հարություն Խաչատրյանի «Սահման»,  Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելու մեջ», Դիանա Կարդումյանի «Աշնանային արեւ» ֆիլմերը:  Ինչպես նաեւ  «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի  վերջին երկու տարիների մասնակից Սադիկ Բարմակի, Գեւորգ Օվաշվիլիի, Անդրեյ Խրժանովսկու, Լեվան Կոգրաշվիլիի, Ռեխա Էրդեմիի, Սերգեյ Լոգնիցի ֆիլմերը: