Կաննի կինոշուկայի Հայաստանի տաղավարում «Խճճված զուգահեռներ» ֆիլմի իրավատեր «Պարալլելս» ընկերությունը եւ Փարիզում տեղակայված ֆիլմերի տարածմամբ ու վաճառքով զբաղվող INSOMNIA WS կազմակերպությունը ռեժիսոր/պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի համաշխարհային դիստրիբուցիայի պայմանագիր են կնքել, որով ֆիլմը միացել է INSOMNIA ընտանիքին եվ առաջիկա հինգ տարիներին կցուցադրվի աշխարհի 40 երկրներում:
INSOMNIA WS ընկերությունն արդեն ընդգրկել է «Խճճված Զուգահեռները» Կաննի կինոշուկայի համար պատրաստված ֆիլմերի, հեռուստասերիալների ու հեռուստաշոուների իր կատալոգում, որը կրում է Quality programs for selective audience (որակյալ ծրագրեր ընտրյալ հանդիսատեսի համար) վերնագիրը:
«Խճճված զուգահեռները» ռեժիսոր/պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի առաջին ֆիլմն է, որ էկրան է բարցրացել 2009 թ-ին: Ֆիլմը թերահավատությամբ էր ընդունվել հայ կինոգիտական որոշ շրջանակների կողմից եւ, ըստ էության, տապալվել «Ոսկե ծիրան» փառատոնում:
Սակայն այն աննախադեպ միջազգային արձագանք եւ մասնակցություն է ունեցել թե արտադրության փուլում եւ թե դրանից հետո: Միջազգային մասնակցությունը կազմել է ֆիլմի բյուջեի 65 տոկոս, իսկ դերասանական գլխավոր կազմի 75 տոկոսը: Ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի կինոփառատոնի մրցույթում, Ռոտերդամում, Սան Պաուլոյում եւ այլուր, ներգրավվել 2009 թ-ի ԱՊՀ լավագույն ֆիլմերի ցանկում, ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ:





























