Այս շաբաթվա վերջում Վրաստանում ակնկալվում է բենզինի եւ դիզվառելիքի գների նվազում։ Այդ մասին տեղեկացնում է Бизнес Грузия-ն։ Էժանացումը կկազմի 5 տետրի (համարժեք է 11 դրամին)։ Այսպիսով՝ մանրածախ ցանցում բենզինը Վրաստանում կարժենա 2,15 լարի (համարժեք է 480 դրամին)։
Նշենք, որ Հայաստանում ռեգուլյար բենզինն այսօր՝ մայիսի 19-ին բենզալցակայաններում վաճառվում էր 460 դրամով, Պրեմիումը՝ 480-ով, իսկ Սուպերի գինը հասել է մինչեւ 510 դրամի։
Միջազգային շուկաներում նավթը էժանանում է արդեն երկրորդ շաբաթվա ընթացքում։ Սակայն այսօր բորսաներում արձանագրվել է որոշ թանկացում՝ կապված ԱՄՆ էներգետիկայի նախարարության այն հրապարակման հետ, որ երկրում նավթի պաշարները նվազել են։ Նյու Յորքի NYMEX բորսայում հունիսյան մատակարարման ամերիկյան թեթեւ նավթի գինը կրկին գերազանցել է 100 դոլարը 1 բարելի դիմաց՝ կազմելով 100,24 դոլար։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի եվրոպական 1 բարել նավթի գինը կազմում է 112,55 դոլար՝ հուլիսյան մատակարարման համար։



























