Ներկայումս Հայաստանում ֆինանսական նպատակահարմարություն չկա հիմնել օմբուդսմենների նոր գրասենյակներ, որոնք մասնագիտացված կլինեն առանձին ոլորտներում՝ կանանց, երեխաների եւ զինծաայողների պաշտպանության հարցերում։ 2010 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս խորհրդարանում հայտարարեց Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։
Նա նաեւ ընդգծեց, որ օմբուդսմենի գրասենյակի 11 աշխատակիցները կմասնագիտանան մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում, ինչը լրացուցիչ ֆինանասական ներդրումներ չի պահանջի։
Անդրեասյանը նաեւ ընդգծեց, որ անհրաժեշտ է օմբուդսմենի մարզային գրասենյակներ բացել, քանի որ բողոքների առյուծի բաժինը գալիս է մարզերից։ Միաժամանակ, օմբուդսմենը նկատեց, որ դա շատ թանկ հաճույք է, քանի որ մարզային յուրաքանչյուր գրասենյակ ամեն տարի բյուջեից 13 մլն դրամ կտանի։
Կարեն Անդրեասյանը նշեց, որ հաշվետու տարում մարդու իրավունքների գրասենյակին պետությունը հատկացրել է 129 մլն դրամ, եւս 79 մլն տրամադրվել է դոնոր կազմակերպությունների՝ հիմնականում Եվրահանձնաժողովի կողմից։ Այս ցուցանիշը 2009 թվականի ցուցանիշից ավել է 24,2 մլն դրամով։ Դրա հաշվին, Անդրեասյանի խոսքով, օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցների միջին աշխատավարձը 99 հազար դրամից բարձրացվել է 160 հազար դրամի։ Նրա խոսքով, գրասենյակի բյուջեի առյուծի բաժինը՝ 66 տոկոսը, ծախսվել է հենց աշխատավարձերի վրա։ 11,8 տոկոսը բաժին է հասել գործուղումներին, ավտոմեքենաներ պահելուն եւ բենզին ձեռք բերելու համար ծախսվել է 7 տոկոս միջոցներ։
Օմբուդսմենի հաշվետվության արդյունքներով, իր ելույթում ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նկատեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը իմիտացիոն բնույթ է կրում, եւ պետք է անել ամեն բան՝ իրավիճակը շտկելու համար։




























