Մարտի 1-ին տեղի ունեցած ազգային ողբերգության բացահայտումը մնում է փակի տակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով`մարտի 1-ը քողարկվել է, թույլ է տրվել, որ միջազգային հանրության աչքում Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, հեղինակազրկվի:

«Ես թերահավատ եմ, որ  ներկա իշխանակարգն ունակ է մարտի 1-ի բոլոր ծալքերը բացահայտել, քանի որ այս երեք տարիների ընթացքում ինքը դա չի արել: Եթե իշխանությունը կարիք ունի քաղաքական հրահանգի, հեռախոսային արդարադատության ազդակի` ինչ-որ գործ անելու համար,  դա մեծ հարցականներ է առաջանցում»,-նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` Հայաստանը պետք է ունենա հատուկ դատախազի ինստիտուտ, որը կարող է վկայություններ վերցնել բոլորից` նախագահներից, գեներալներից եւ շարքային քաղաքացիներից: Բացի այդ` Հայաստանը պետք է դառնա Միջազգային քրեական դատարանի անդամ: Դրա նպատակն այն է, որ եթե Հայաստանն ունակ չէ ներպետական ատյանների միջոցով որեւէ հարց լուծել, ապա այդ խնդրով դիմի Միջազգային դատարան, թեկուզ սելեկտիվ կարգով, ինչի հնարավորությունը տալիս է Հռոմի ստատուտը:

Այդ դատարանն ունի կոնկրետ մանդատ, որոնցից մեկն էլ մարդկության դեմ գործված ոճիրներն են, որոնց թվին Հովհաննիսյանը  դասեց ընտրությունների կեղծումն ու դրա հետեւանքով կազմակերպված մարտի 1-ի սպանդը: «Ես նախընտրում եմ, որ ՀՀ-ն ունենա այն արդարադատական համակարգը, որպեսզի ինքը լուծի իր հարցերը, բոլոր համապատասխան մարդկանցից` նախագահներից մինչեւ շարքային քաղաքացին վկայություն վերցնի, եւ հասնի մեղավորների պատժմանը: Իսկ եթե ոչ, ապա Հայաստանը պետք  է դիտարկի նաեւ այլ տարբերակներ, որոնք թույլ կտան ՀՀ քաղաքացուն իր երկրում հասնել արդարության: Եւ չկարծեք, թե արդարությունը կամ հացի խնդիրը տարբեր բաներ են: Դրանք նույն բաներն են»,-հայտարարեց Հովհաննիսյանը:   

Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե իշխանություններն անկեղծորեն ցանկանո՞ւմ են բացահայտել մարտի 1-ը, թե՞ դա նախընտրական ժեստ է, «ժառանգության» հիմնադիրն արձագանքեց. «Ես չեմ ուզում որեւէ մեկի անկեղծության դատավորը լինել»: