Հայաստանը հետաքրքրված է բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայով եւ ավտոբուսներով։ Մայիսի 18-ին Մինսկում Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում է բելառուսական infobaza.by պորտալը։
Տիգրան Սարգսյանը պարզաբանել է, որ վերջին տարիներին Հայաստանում գյուղտեխնիկայի արդիականացում չի իրականացվել։ Դրա համար էլ երկիրը շահագրգռված է համապատասխան ծրագրի իրականացման հարցում եւ խնդիր է դնում՝ ով եւ ինչպես է Հայաստանին գյուղտեխնիկա մատակարարելու։ «Դա պետք է ռազմավարական գործընկերություն լինի՝ մատակարարում, սերվիս»,- ասել է նա, ավելացնելով, որ Հայաստանը հետաքրքրված է բելառուսական գյուղատնտեսական տեխնիակայով։
Առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման մեկ այլ ուղղություն կարող է դառնալ Հայաստանում բելառուսական ավտոբուսների հիման վրա քաղաքային տրանսպորտի արդյունավետ տնտեսություն հիմնելը։




























