Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի էներգետիկ համակարգի արդյունավետությունը վերականգնվող էներգիայի նոր աղբյուրների միջոցով:  Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են IFC-ից:

Հաղորդագրության մեջ նշված է, որ վերջին տարիներին Հայաստանի էներգահամակարգում զգալիորեն աճել է փոքր հզորություն ունեցող էլեկտրակայանների կշիռը` հիմնված վերականգնվող էներգաաղբյուրների վրա: Դրա հետ մեկ տեղ անհրաժեշտ է ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի շահագործումը: IFC-ի «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում կմշակվեն հուսալիության ցուցանիշներ, որոնք հիմնված կլինեն միջազգային լավագույն փորձի վրա եւ, միաժամանակ, կհամապատասխանեն Հայաստանի էներգետիկ համակարգի շահագործման պահանջներին եւ պայմաններին:

IFC-ի «Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագիր»-ը մշակվել է էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար կայուն շուկա հիմնելու եւ Հայաստանի էներգետիկ ինքնաբավությանը նպաստելու նպատակով:

Ծրագիրը մեկնարկել է 2010թ. հունվարին եւ իրականացվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ: