Երեւանյան լճի աղբորսիչ կայանը, որը գարնանային վարարումների պատճառով մի քանի օր էր՝ շարքից դուրս էր եկել, արդեն երկու օր է՝ վերականգնվել է եւ շարունակում է գրեթե հարյուր տոկոսով կանխել Հրազդան գետի հունով լիճ թափվող աղբի հոսքը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հավաստիացրեց Երեւանի քաղաքապետարանի ենթակայության նեքո գործող «Ջրային  կառույցներ» ՓԲԸ տնօրեն Միքայել Վարդանյանը։

«Կայանը տեղակայված է լճից դեպի Հրազադանի կիրճ տանող ուղղությամբ եւ գործարկվել է 2010 թվականի հոկտեմբերից։ Այն կառուցելու համար քաղաքապետարանն անցած տարի շուրջ 7 մլն դրամ է ծախսել։ Գարնանային  վարարումների պատճառով կայանը տասը օր չէր գործում, սակայն վերականգնվելուց հետո արդեն  երկու օր է՝ այն շաւնակում է անխափան աշխատել։ Սկզբում մտածում էինք, որ եթե կայանը գոնե 50-60 տոկոսով արդարացնի մեր սպասումները, էլի գոհ կլինենք, սակայն ստացվեց այնպես, որ այն աղբի հոսքը կանխում է շուրջ 90 տոկոսով»,- ասաց Միքայել Վարդանյանը։

Նրա տեղեկացմամբ, աղբորսիչ կայանը այնպես է նախագծվել, որ կենցաղային թափոնների հոսքը կանխող պլաստիկ խողովակները մնան  ջրի մակերեսին եւ խոչընդոտեն աղբի մուտքը լճի տարածք։ «Մեր երկու աշխատակիցները հատուկ կառուցված լաստանավերով ամեն օր մոտենում են կայանին, աղբը հավաքում, լցնում են հատուկ բունկերների մեջ, ինչից հետո վերամբարձ կռուկներն ափից վերցնում եւ տանում են աղբը։  Օր է եղել, աղբհանություն կատարել ենք օրը երկու անգամ, միայն թե լճի հայելին մաքուր լինի»,- նկատեց Ջրային  կառույցներ» ՓԲԸ տնօրենը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ անհրաժեշտ ֆինանասական միջոցների բացակայության պատճառով ներկայումս անհնար է Երեւանյան լճի հատակի մաքրումը։ «Լճի հատակին տարիներով կւտակված հսկայական քանակությամբ տիղմը մաքրելու համար ահռելի գումարներ են հարկավոր»,- ամփոփեց Միքայել Վարդանյանը։