Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը Թբիլիսիում հայտարարել է, թե Վրաստանը կարող է զգալի դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
«Վրաստանը հրաշալի հարաբերություններ ունի երկու երկրների հետ, եւ կարող է կարեւոր դեր խաղալ այդ ձգձգված հակամարտության կարգավորման մեջ»,- մայիսի 19-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, հաղորդում է Trend-ը:
Բուզեկը նկատել է, թե անհրաժեշտ է իրապես անցնել տարածաշրջանում «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը: «Այդ գործում ԵՄ-ն մտադիր է խաղալ իր դերը եւ նպաստել հակամարտությունների կարգավորմանը:
Նշենք, որ մայիսի 18-ին Երեւանում Բուզեկը հայտարարել էր, թե Եվրախորհրդարանը չի դիտարկել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնուրույն միավոր եւ միշտ խոսում է պետությունների տարածքային ամբողջականության մասին, սակայն դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել շարքային մարդկանց կարիքները:
Եժի Բուզեկը տարածաշրջանային այցի շրջանակներում այս շաբաթ այցելել է Հայաստան, Ադրբեջան եւ Ղարաբաղ:




























