Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 19-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Քլինթոնը նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կապված են ամուր բարեկամությամբ ու գործընկերությամբ եւ հարաբերությունները գնալով ավելի են ամրապնդվում եւ զարգանում: «Արտգործնախարար Նալբանդյանի հետ բազմաթիվ հանդիպումներ են կայացել եւ ես ուրախ եմ կրկին ողջունել նրան Պետքարտուղարությունում: Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջեւ գոյություն ունեն այնպիսի բազմաբնույթ կապեր, որոնք սկսվում են քաղաքականությունից եւ հասնում մինչեւ անձնական հարաբերություններ եւ ավելին, ինչը մեզ համար շատ կարեւոր է: Մենք մեծ նշանակություն ունեցող հարցեր ենք քննարկելու, եւ ես ակնկալում եմ, որ մենք կշարունակենք մեր այդ կարեւոր երկխոսությունը»:

Նախարար Նալբանդյանն իր հերթին նշել է. «Մեր հանդիպումների հաճախակիությունը վկայում է հայ-ամերիկյան հարաբերություններն առավել խորացնելու եւ ամրապնդելու մեր հանձնառության մասին եւ վերջին տարիների ընթացքում մենք համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի վրա ենք բարձրացրել մեր համագործակցությունը»:

Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ,  տնտեսական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, տարածաշրջանային հարցեր:

Նրանք մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Պետքարտուղար Քլինթոնն ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, եւ նշել, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռք բերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը: