Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին կոչ է անելու առաջիկայում կայանալիք քննարկումների ժամանակ դիպուկ հարցադրումներ ուղղել Հայաստանում այդ երկրի դեսպանի թեկնածու Ջոն Հեֆերնին, որոնց միջոցով կբացահայտվի վերջինիս դիրքորոշումը Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան հարցի եւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ANCA-ի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը։

«Դեսպանի թեկնածուին հարցադրումներ ուղղելու իրավունքը վերապահված է բացառապես Սենատի վերոնշյալ հանձնաժողովին, եւ ANCA-ն հարցադրումներ իրավասու է անել միայն այդ մարմնին։ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն նախեւառաջ պետք է ուսումնասիրի Հաֆերնի՝ տարբեր երեւույթների մասին նախկին հայտարարությունները եւ դիրքորոշումները։ Դրանից շուտ մեր վերաբերմունքը նրա անձի նկատմամբ չենք կարող արտահայտել։ Մի բան միայն հստակ է, հայ համայնքին պետք է թեկնածու, ով Ցեղասպանության հարցում չի առաջնորդվի բառախաղերով»,- նշեց Չուլջյանը։

Հարցին, թե ի՞նչ վերաբերունք ունի հայ համայնքը եւ անձամբ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն Հաֆերնի նկատմամբ, ով 90-ականներին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում փորձառության եռամյա շրջանն անցել է որպես թուրքամետ կոնգրեսական Բիրայտերի օգնական, բացի այդ, պաշտոն է զբաղեցրել ՆԱՏՕ-ում, ANCA-ի ներկայացուցիչը նշեց. «Պետք է դիտարկել ոչ թե նրա «ուսուցչի», այլ հենց նրա՝ Ջոն Հաֆերնի կեցվածքը Ցեղասպանության հարցի շուրջ։ Սակայն շատ կարեւոր է, որ Սենատի Արտաքին հարցերի հանձնաժողովը պարզի վերջինիս դիրքորոշումները ոչ միան Ցեղասպանության, այլ ամերիկահայ համայնքին  հուզող այլ հարցերի մասով»։

Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հաֆերնի թեկնածությունը Սպիտակ տունը Սենատին պաշտոնապես ներկայացրել էր չորեքշաբթի։

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն իր եռամյա առաքելությունը կավարտի այս տարի հունիսին։ Նա կվերադառնա Վաշինգթոն, որտեղ կստանձնի Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը: