Ոռոգման նպատակով, Սեւանա լճից 2011 թ. ոռոգման շրջանում Սեւան–Հրազդան իրիգացիոն-էներգետիկ եւ Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանվել է մինչեւ 170.0 մլն. խմ: Այդ մասին որոշումն ընդունվեց մայիսի 20-ի կառավարության նիստում:

Նշենք, որ այդ չափաքանակը զգալիորեն ավելի բարձր է, քան նախորդ տարի, երբ ոռոգման սեզոնի սկզբում սահմանվեց  144.5 մլն խմ չափաքանակը:

Հատկանշական է, որ անցյալ տարի երաշտի պատճառով կառավարությունը 24.4 մլն խմ-ով ավելացրեց ջրառը, սակայն միեւնույն է` ընդհանուր ջրառը (168.9 մլն խոր. մետր) զիջում է այս տարվա ցուցանիշին:

Նշենք, որ ըստ օրենքի` ջրառի առավելագույն չափաքանակը 170 մլն խմ-ն է: Առայժմ պարզ չէ, թե ինչու է կառավարությունը Սեւանից ավելի շատ ջուր վերցնում անցյալ տարվա համեմատ, եթե այս տարի երաշտի կանխատեսումներ չկան:

Հիշեցնենք, որ 170 մլն խմ-ից ավելի ջուր վերցնելու համար հարկավոր է օրենքի փոփոխություն: Հայաստանում միայն մեկ անգամ են գնացել այդ ճանապարհով` 2008 թ. ջրառը սահմանվել է 360 մլն խմ, քանի որ արդեն ապրիլի դրությամբ խիստ չորային կլիմա էր հաստատված: