Կարտոֆիլի շուկայում դարձյալ նկատվում է գների աճ.անցած տարի ամբարած կարտոֆիլի մեկ կիլոգրամն այսօր Գյումրիի տարբեր վաճառակետերում վաճառվում է 350 դրամից ոչ պակաս: Նորահաս կարտոֆիլի մեկ կգ-ն 800 դրամ է: Պատճառն, ըստ վաճառողների, կարտոֆիլը սահմանափակ քանակն է:
«Գյուղացին թանկ գնով է վաճառում կարտոֆիլը: Թանկ գնով ենք ձեռք բերում, ինչպե՞ս կարող ենք էժան վաճառել»,-NEWS am- ի թղթակցի հետ զրույցում նշել է Գյումրիի կենտրոնական շուկայի վաճառական Նորայր Գրիգորյանը:
«2009 թվականին կարտոֆիլն առատ էր, ջրի գնով տալիս էինք գնորդ չկար: Ամբողջ բերքը փչացավ: Կառավարությունը չօգնեց, որ իրացնեինք: Մենք էլ վախենալով` անցած տարի կարտոֆիլ չենք մշակել, հիմա արդեն թանկացել է»,-նշել են կարտոֆիլի մշակմամբ զբաղվող գյուղացիները:
Այսպիսով, Շիրակի մարզի գյուղատնտեսներն ու հողագործները դժգոհում են նաեւ կարտոֆիլի սերմի բարձր գներից ու զգուշացնում, որ կարտոֆիլը էժան չի լինի, քանի որ կարտոֆիլ մշակողներն այս տարի զգալի պակասել են:
«Ամեն տարի 200-300 կգ կարտոֆիլ էինք ցանում, այս տարի ձեռնպահ ենք մնացել, ձեռնտու չէ, քանի որ սերմացուն թանկ է: Երկու ամիս առաջ խոստացել էին, որ Ազատանից 600 դրամով կբերեն սերմացու կարտոֆիլ, սակայն բերեցին ասացին գինը 800 դրամ է: Ես էլ հրաժարվեցի»,-նշել է Շիրակի մարզի ֆերմեր Արարատ Սողոյանը:
Ըստ մասնագետների` պատճառն այն է, որ կարտոֆիլի պահանջարկը մեծ է, իսկ առաջարկը` քիչ: Անցած տարի կարտոֆիլ քիչ է մթերվել, եւ եթե շուկայում հավասարակշռությունը չվերականգնվի, հաջորդ տարի կարտոֆիլի գինն ավելի բարձր կլինի: Գյուղացիները կոչ են անում կառավարությանը միջամտել գործընթացին եւ կարտոֆիլի սերմացու ներկրել, որպեսզի գյուղացիները կրկին սկսեն մշակել կարտոֆիլ:



























