Այս շաբաթ երկու տասնյակից ավելի միջին տարիքի կանայք մի քանի տղամարդկանց հետ միասին Վաշինգտոնի հյուսիս-արեւմտյան հատվածում գտնվող հայկական եկեղեցու խոհանոցում ձեռնամուխ են եղել ավանդական հայկական ուտեստների պատրաստմանը:

Ըստ The Washington Post-ի` 62  տարվա ընթացքում հայ առաքելական Սբ Մարիամ եկեղեցու կանայք իրենց ամենամյա  փառատոնից առաջ մի քանի օր շարունակ  12-ժամյա հերթափոխով միջոցներ են հավաքում `վաճառելով տնական ուտեստներ` բլղուրով փլավ, շիշ-քյաբաբ, տոլմա, լահմաջո:

Անցած տարվա աշնանային փառատոնի ժամանակ նրանք ընդունել էին մոտ 2000 մարդու:  Այս տարի որոշել են արդիականացնել ծրագիրը, եւ առաջին  անգամ եկեղեցին փառատոնն անցկացնում է գարնանը:

Ախորժելի կերակրատեսակներին ավելացել է նաեւ հայ ավանդական երգ ու  պարը: Փառատոնի քարոզարշավը եւս արդի տեխնոլոգիաների միջոցով է իրականացվել`  այդ նպատակով օգտագործվել են Twitter-ն ու Facebook-ը:

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով` Վաշինգտոնի տարածքում բնակավում է ավելի քան 4 600 հայ. սա շատ փոքր թիվ է Լոս Անջելեսի, Բոստոնի, Նյու Յորքի, Դետրոյտի համեմատ: Եկեղեցին ունի մոտ 1000 անդամ, որոնց կեսն այն սերնդի հետնորդն է, որոնք ԱՄՆ են եկել 1920-ականներին` Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածների եւ տեղահանումների արդյունքում: