«Ես Ռոբերտ Քոչարյանի հետ երբեւէ ճանապարհ չեմ անցել, երբ նույնիսկ դրա հնարավորությունը կար, ոչ մի պաշտոն չեմ ստացել, փողային որեւէ հարաբերությունների մեջ չեմ մտել, նրա հետ ճանապարհ չեմ անցնի նաեւ այժմ»,- մայիսի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

«Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի համար շատ մեծ չարիք եմ համարում, համարում եմ, որ այդ մարդը շատ լուրջ դերակատարություն է ունեցել Հայաստանում առկա իրավիճակի հարցում։ Բացի այդ, Քոչարյանը շատ մեծ դերակատաություն է ունեցել Սերժ Սարգսյանին իշխանության բերելու հարցում։ Մարտի 1-ին կրակելու հրաման տված Ռոբերտ Քոչարյանը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ քաղաքական դաշտ վերադառնալու իր բոլոր ճանապարհները փակ են»,- ընդգծեց Կարապետյանը։

Անդրադառնալով հարցին՝ հավատո՞ւմ է ինքը, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով հարցաքննության կկանչի Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին  եւ Ռոբերտ Քոչարյանին, ՆԺԿ ղեկավարը նշեց. «Բայց հարց է՝ մի՞թե 3 տարի ՀՔԾ-ն նրանց տեղը չգիտեր, մանավանդ Ռոբերտ Քոչարյանինը։ Թե՞ չգիտեր նաեւ Հայկ Հարությունյանի, Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի, Գորիկ Հակոբյանի տեղերը։ Նրանցից ո՞ր մեկն է հարցաքննվել։ Տիգրան Թորոսյա՞նն է հարցաքննվել։ Մարդն «Ազատություն» ռադիոկայանին  ասում է բանակի մասին ոչինչ չեն իմացել։ Բա էդ մարդուն չե՞ք կանչում հարցաքննեք։ Այսինքն ի՞նչ, ստացվում է,  որ Քոչարյանը երկրում զինվորական հեղաաշրջո՞ւմ է արել»,- հռետորական հարց հնչեցրեց Արամ Կարապետյանը՝ ավելացնելով, թե «մարդիկ իրենք իրե՞նց պիտի ձերբակալեն»։