Ստեփանակերտն ի վիճակի է ապահովել իր անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը «Էխո Մոսկվիի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Եթե մենք դիտարկենք այդ հակամարտությունը լոկալ ասպեկտում, իհարկե, ի վիճակի ենք ապահովել մեր անվտանգությունը, ինչն էլ անում ենք այսօր: Մենք դա անում ենք սկսած 1994թ.-ից»,- հայտարարել է Բակո Սահակյանը:

«Եթե գլոբալ իմաստով նայենք, սպառնալիքը վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին եւ ղարաբաղցի ժողովրդին, կարծում ենք դրա համար հավասար չափով պատասխանատվություն պիտի կրեն եւ ՀԱՊԿ անդամները, եւ եվրոպական պետությունները, եւ միջազգային հանրության մի շարք երկրներ»,- պարզաբանել է ԼՂՀ նախագահը:

Քանի որ, ըստ ԼՂՀ նախագահի, «մեր կյանքում առկա սպառնալիքները չեն վերաբերվում միայն Ղարաբաղին»: «Մենք հայտնվել են մի իրավիճակում, որտեղ զգում եւ տանում ենք մեր պատասխանատվությունն այդ մասով, քանի որ Լեռնային ղարաբաղի ժողովուրդը բոլոր ժամանակներում մասնակցել է համամարդկային արժեքների ստեղծմանը»,- ասել է բակո Սահակյանը:

«Ավելին, այսօր մենք չենք թաքցնում, որ մեր երկիրը կանգնած է ժողովրդավարացման եւ քաղաքացիական հասարակության ստեղծման ճանապարհին: Հետեւաբար մենք ղեկավարվում են որոշակի  համամարդկային կանոններո: Այսօր եվրոպական եւ  միջազգային հանրության որոշ երկրներ մեր չճանաչվածության պատճառով հարաբերություններ չունեն մեզ հետ, բայց հաճույքով համագործակցում են մի պետության հետ, որտեղ տիրում են սուլթանատի օրենքները: Իհարկե, մեզ համար դա անթույլատրելի է, կարծում ենք, որոշ երկրներ ղեկավարվում են երկակի ստանդարտներով»,- ընդգծել է Բակո Սահակյանը: