Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` մայիսի 23-ին ընդունել է Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել  բանակցությունների 5-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին` գոհունակությամբ նշելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ համագործակցության խորացող բնույթը:

Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ենթատեքստում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ 2010թ. հուլիսին բանակցությունների մեկնարկից ի վեր լավ առաջընթաց է գրանցվել: Առ այսօր ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում տնտեսական, ոլորտային եւ ֆինանսական համագործակցության խմբում բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի 18 գլուխ:

Նրանք մտքեր են փոխանակել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ:

Նույն օրը ԱԳՆ-ում մեկնարկել է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ լիագումար նիստը:

Այնուհետեւ տեղի է ունեցել աշխատանքային նիստը, որն հայկական կողմից վարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: