ԱՄՆ-ը ցանկանում է շուտափույթ լուծել ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի պայմաններով: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ Միխաիլ Ալեքսանդրովը: Փորձագետը նաեւ նշել է, որ Բաքվում դեսպան է նշանակվել նախկին միջնորդ Մեթյու Բրայզան, իսկ Երեւանում դեսպանը` Մարի Յովանովիչը «նարնջագույն հեղափոխությունների» մեծ մասնագետ է:

Ըստ փորձագետի, երկու դեսպանների հայտարարությունները բավական թափանցիկ վկայում են Վաշինգտոնի քաղաքականությունը տարածաշրջանում: Յովանովիչի մեկնումը չի նշանակում Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն: Ուղղակի որոշվել է նյարդայնացնող ֆիգուրին փոխարինել մեկ ուրիշով:

Ըստ փորձագետի, ԱՄՆ-ը ցանկանում է ռազմա-քաղաքական միջանցք ստեղծել Սեւ ծովից Կասպից ծով: Վրաստանը մտել է ԱՄՆ ծրագրերի մեջ, այժմ հարկավոր է կոտրել Ադրբեջանին, ու թեպետ Ադրբեջանը չի ձգտում դրան, բայց արված առաջարկից`Լեռնային Ղարաբաղից նա չի կարող հրաժարվել: