Բուլղարիայի ազգայնական ATAKA կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը մասնակցելով BNR ռադիոկայանի կազմակերպած քննարկմանը, բռունցքով հարվածել է անկախ պատգամավոր, ազգությամբ թուրք Քուրման Իսմայիլովին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ռադիոհաղորդման ընթացքում Վոլեն Սիդերովը նշել է, թե Բուլղարիայում գտնվող մզկիթները վերածվել են ծայրահեղ կրոնականների որջերի եւ հայհոյել մյուս հյուրին՝ թուրք պատգամավոր Քուրման Իսմայիլովին։  Հաղորդավարը ռադիոլսողներից ներողություն է խնդրել նման իրավիճակի համար։ Այդ ընթացքում բուլղար կուսակցապետը բռունցքով հարվածել է Իսմայիլովին եւ ստուդիայում ծեծկռտուք է սկսվել, որի հետեւանքով հաղորդումն արագ ավարտվել է։  Հաղորդավարը պնդել է, թե առաջինը հարվածել է Վոլեն Սիդերովը։

Նշենք, որ օրեր առաջ Բուլղարիայի մայրաքաղաքում Թուրքիայի՝ ԵՄ-ի անդամակցության դեմ բողոքի ակցիա կազմակերպած ATAKA կուսակցության կողմնակիցները ձվեր էին նետել Բանյա Բաշը մզկիթում նամազ անող թուրքերի ուղղությամբ։

Բուլղարական ազգայնական կուսակցության կողմնակիցների եւ թուրքերի միջեւ բախումների հետեւանքով 10 հոգի վիրավորվել էր։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը բերման էր ենթարկել 4 մարդու։

Բախման վայր էր ժամանել նաեւ ATAKA կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված բուլղարներին՝ պնդելով, որ թուրքերն են հարձակվել բողոքի ակցիա իրականացնող բուլղարների վրա։

Սոֆիայի գլխավոր դատախազ Նիկոլայ Կոկինովը նշել է, թե ATAKA- կողմից էթնիկ եւ կրոնական ատելություն սերմանող գործողությունների հետ կապված բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո սկսվելու այդ կուսակցության արգելման գործընթացը։