Երեւան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ է նշանակվել Նարեկ Սարգսյանին: Նրան այսօր` մայիսի 23-ին Քաղաքապետարանում ներկայացրել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Կարապետյանը խոսելով Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից ազատված Միքայել Հասրաթյանի մասին, ասել է. «Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, եւ չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանը այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի»,- նշել է քաղաքապետը:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Միքայել Հասրաթյանը Երեւանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել 2011 հունվարի 21-ին:
Շրջանառվող լուրերի համաձայն, Երեւանի գլխավոր ճարտարապետի հրաժարականի պատճառ էր հանդիսացել կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված ճարտարապետների տեսակետների միջև խորը անհամաձայնությունը: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նույնպես հաստատել էր այս տեղեկատվությունը, հավելելով, որ հրաժարականի պատճառը Միքայել Հասրաթյանի սկզբունքայնությունն է եղել: Մինասյանը նաեւ կարծիք է հայտնել, որ նա ընդհանուր հայտարարի չի եկել շատ հարցերի վերաբերյալ:
Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն, Միքայել Հասրաթյանի հրաժարականի պատճառներից է նրա անհամաձայնությունը Երեւանում մի շարք քաղաքաշինական նախագծերի հարցում, որոնց հեղինակը ներկայումս Հայաստանի գլխավոր ճարտարապետ եւ Քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանն է:




























