Ոստիկանությունը հայտնաբերել է մայիսի 15-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեանքով Փամբակ գետը գլորված ավտոմեքենայի ուղեւորներից եւս մեկին` թվով երրորդին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիակի հայտնաբերման աշխատանքներին մասնակցել են  Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները` վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ, Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի, ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության աշխատակիցները:

Հայտնաբերվածը 54-ամյա Վահան Երիցյանն է: Ոստիկանության աշխատակիցներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են ձեռնարկում` 4-րդ խեղդվածին հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 15-ին ԳԱԶ-3110 մակնիշի 65 ԼՍ 650 համարանիշի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս էր եկել հանդիպակաց ուղեմասից եւ գլորվել Փամբակ գետը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարները, ովքեր գետից դուրս էին բերել երկու հոգու դիակ: Մեքենայի Վարորդը` 50-ամյա Արսեն Կիրակոսյանը փրկվել է: Նա հայտնել էր, որ ավտոմեքենայում իրենից բացի եղել են չորս ուղեւորներ:

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):