Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, ով որպես քաղաքական փախստական ապրում է Փարիզում, հանդես է եկել հայտարարությամբ, երբ պարզ է դարձել, որ նա չի վերադառնալու հայրենիք եւ չի մասնակցելու մայիսի 25-ին հայտարարված «Ցասման օրվան»:

«Ինձ համար հիմա շատ դժվար է խոսել: Եթե դանակով խփեք, արյուն դուրս չի գա: Արդեն երկրորդ անգամ տեղի է ունենում միեւնույն բանը` ինձ խանգարում են վերադառնալ Վրաստան: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2009 թվականի մայիսին, երբ ես Վրաստանի սահմանների մոտ էի, եւ այսպես կոչված միացյալ ընդդիմությունը բացասական է գնահատել իմ վերադարձը Վրաստան: Մի քանի ընդդիմադիրներ անմիջապես հավատացին իշխանությունների հայտարարությանը, թե իբր ես Ցխինվալիով ռուսական տանկերի միջոցով  վերադառնալու եմ հեղաշրջում իրականացնելու: Այդ պատճառով էլ քայքայվեց ընդդիմադիրների համախմբումը, եւ կարծում եմ, որ ժողովուրդը դրանից համապատասխան հետեւություններ է անում:

Այն, ինչ տեղի է ունենում այսօր, մեկ բառով կարելի է կոչել «դավաճանություն` ժողովրդի նկատմամբ»: Թող որ նրանց խղճին մնա այն մարդկանց ճակատագիրը, որոնց իշխանությունները դժբախտացնում են իրենց արարքների համար: Նրանց համար քաղաքականությունը բիզնես է, ուրիշ ոչինչ: Ես, բոլոր դեպքերում, գործն իր ավարտին կհասցնեմ, կամ էլ անդարձ կհեռանամ քաղաքականությունից»,-ասել է վրացի գործիչը: Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր կարծում են, թե ես նրանց ցավ եմ պատճառել: Ոչինչ դեռ ավարտված չէ, ամեն ինչ դեռ առջեւում է»,-հայտարարել է Օքրուաշվիլին:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր հայտնի է դարձել, որ Վրաստանի նախկին Պնախարար Իրակլի Օկրուաշվիլին չի վերադառնա Վրաստան, ինչի հետեւանքով «Վրացական կուսակցությունը» հետաձգել է մայիսի 25-ին հայտարարված «Ցասման օրը»:

«Պատճառն այն է, որ չնայած բոլոր փորձերին, երկու օրերի ընթացքում «Վրացական կուսակցությունը» չի կարողացել պայմանավորվել Նինո Բուրջանաձեի հետ»,-հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը: Իր հերթին Բուջանաձեն հայտարարել է, որ Իրակլի Օկրուաշվիլիի համարձակությունը չի հերիքել խոստովանել, որ սարսափում է վրացի ժողովրդից եւ Վրաստանի նախագահից: