Եթե իշխանություններն իրոք ցանկանային բացահայտել 2008 թվականին տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերը, ապա դա կանեին հաջորդ օրն իսկ` մարտի 2-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 26-ին հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայլել Դանիելյանը: Նրա խոսքով` մարտի 1-ի դեպքերի, ինչպես նաեւ հետմարտիմեկյան զարգացումների հետ կապված բոլոր քայլերը, որոնք կատարվում են իշխանությունների կողմից, մեկ նպատակ ունեն` ամեն ինչ անել, որ չզրկվեն միջազգային կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհներից:
«Տիգրան Պասկեւիչյանը մարտի 1-ի մասին ֆիլմ նկարահանեց եւ տվեց իշխանությունների ձեռքը` ասեց, վերցրե’ք` նայե’ք: Փաստահավաք խումբն իր հերթին ամեն ինչ արեց, էլ ի՞նչ են ուզում: Ուզում են, որ ինչ-որ մարդիկ կանգնեն ու ասեն` իրե՞նք մարդ սպանել: Չի’ լինի նման բան, քանի որ այն մարդը, որը կասի դա, կասի նաեւ, թե ով է իրեն մարդ խփելու հրաման տվել: Նա էլ իր հերթին կասի, թե ով է իրեն հրաման տվողն ու այսպես կգնանք, կհասնենք մարտի 1-ի կազմակերպման աշխատանքներին մասնակցած շտաբ: Ու այդ շտաբում որոշել են, թե ո՞վ է մարդ խփել տվողը»,-նկատեց իրավապաշտպանը: Նա նաեւ նշեց, որ այդ շտաբում են եղել նաեւ հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները: Ըստ Դանիելյանի, մարտի 1-ի քննությունը վերսկսելու գործընթացը կձգվի մի քանի ամիս ու կրկին կփակվի այն:



























