Տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ CTS ամենամյա 11-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում Երեւանում գտնվող Վրաստանի եւ Հնդկաստանի պատվիրակությունների անդամների հետ հանդիպման ժամանակ:

Ճամփորդական Գործակալների Հայկական եւ Ամերիկյան միությունների հայկական ներկայացուցչությունների կողմից կազմակերպված ցուցահանդեսին այս տարի աջակցել է նաեւ Երեւանի քաղաքապետարանը:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման հայեցակարգը, Երեւանի քաղաքապետը նշել է, որ  Երեւանը ունի լավ էներգետիկա եւ հստակ քայլեր են ձեռնարկվում «Երեւան» բրենդը աշխարհին ներկայանալի ու ճանաչելի դարձնելու առումով:

«Փորձելու ենք Երեւանում ձեւավորել զբոսաշրջային գրավիչ միջավայր`հագեցած մշակութային բազմաբնույթ միջոցառումներով: Ունենք կոնկրետ նախագծեր եւ քայլեր ենք ձեռնարկում դրանք կյանքի կոչելու ուղղությամբ, որոնցից են «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ծրագիրը, «Նոյ Լենդ» զբոսաշրջային կենտրոնը, «Հրազդանի կիրճ» հանգստի գոտին, «Արտ Վիլիջ»  արվեստի կենտրոնը եւ այլն:

Երեւանը պետք է գրավիչ լինի բոլորին եւ այդ ճանապարհին պատրաստ ենք քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ»,- նշել է քաղաքապետն ու ավելացրել , որ մի շարք  ծրագրեր կան նաեւ  նոր հյուրանոցների կառուցման ուղղությամբ:

Ներկայացնելով երեւանյան տպավորությունները, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ իրենց նպատակները համընկնում են եւ առաջիկայում  համատեղ փոխշահավետ  ծրագրեր կիրագործվեն: 11-րդ ամենամյա ցուցահանդեսի շրջանակներում հյուրերը այցելել են նաեւ Երեւան քաղաքի պատմության թանգարան: