Կոտայքի մարզպետ, ՀՀԿ-ական Կովալենկո Շահգալդյանը հերքում է մամուլի հրապարակումներն այն մասին, ըստ որոնց` ինքը կառավարության ներկայացուցիչ որոշ անձանց միջոցով լոբբինգ է անում`Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար:
Նա նշեց, որ նման խոսակցությունները «ոմանց երեւակայության հետեւանք են» եւ հավելեց. «Ո՞նց եք կարծում` Կոտայքի մարզպետի պաշտոնն ավելի բարձր չի՞, քան ձեր նշած պաշտոնը: Անկեղծ ասած` ինձ մինչեւ այժմ ոչ ոք նման առաջարկություն չի արել»:
Բոլոր դեպքերում, եթե նման առաջարկ արվի, կստանձնե՞ք այդ պաշտոնը նկատի ունենալով դրա փողաբեր լինելը` հարցին Շահգալդյանը պատասխանեց, թե այդ պաշտոնն այսօր արդեն փողաբեր չի: «Ես ընդհանրապես, ես փողի կարիքը չունեմ: Ասեմ նաեւ, որ մարզպետի պաշտոնն էլ փողաբեր չի:
Բայց եթե կուսակցության ղեկավարության կողմից առաջարկ է լինում, սկսում ես մտածել, տրամաբանել, պլյուսներն ու մինուսները կողք-կողքի դնել եւ նոր միայն համաձայնել կամ մերժել: Եթե լինի առաջարկ, կմտածեմ ու իմ որոշումն առաջինը ձեզ կհայտնեմ»,-հայտարարեց Կոտայքի մարզպետը:
Նշենք, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարն այժմ Արտեմ Ասատրյանն է: Իսկ նախկին ղեկավարը Վազգեն Խաչիկյանը պաշտոնանկ արվեց Ծառայությունում հայտնաբերված խոշոր չարաշահումների պատճառով:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հայտնաբերված խախտումների առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:



























