Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արձագանքել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Դովիլում ընդունված հայտարարությայնը:

«Մենք բարձր ենք գնահատում Նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի ջանքերն՝  ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Այսօր, Դովիլում, Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունը կարեւոր ուղերձներ է պարունակում եւ կարող է խթան հանդիսանալ հիմնախնդրի հանգուցալուծման համար:

Հայաստանը միշտ կողմնակից է եղել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ բազմիցս դա ապացուցել է գործնականում, ուստի  պարզ է, թե ում է ուղղված այս առնչությամբ հայտարարության մեջ պարունակվող միանշանակ ուղերձը:

Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` որպես հիմնախնդրի կարգավորման համար բանակցությունների հիմք: Եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, թե ում է հասցեագրված հայտարարության մեջ նաեւ այս կապակցությամբ հնչեցված ուղերձը»: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից: