Հայ ազգային կոնգրեսը հույս ունի, որ մայիսի 31-ին հրավիրված ՀԱԿ հանրահավաքին ներկա կլինեն մարտյան դեպքերի առնչությամբ դատապարտված անձինք: Այս մասին մայիսի 27-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Այս պահին մոտենում ենք քաղաքական գործընթացի ավարտին: Գործընթացն առաջ է ընթանում ՀԱԿ-ի թելադրած օրակարգով: Հաջորդ հանգրվանը կլինի մայիսի 31-ի հանրահավաքը, որին ներկա կլինեն մեր պատանդ պահվող ընկերները: Այսօրվանից սպասում ենք նրանց ազատ արձակման վերաբերյալ տեղեկատվության»,-հայտարարեց Մուսինյանը:
Նրա խոսքով, մասնավորապես երկու քաղբանտարկյալի՝ Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի ազատ արձակումը փոխելու է երկրում առկա իրավիճակը եւ նրանք մեծ թափ են հաղորդելու ՀԱԿ-ի հետագա գործողություններին:
Անդրադառնալով ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ իբր տեղի ունեցող անդրկուլիսյան երկխոսությանը, ՀԱԿ մամուլի խոսնակը նշեց, որ ֆորմալ առումով երկխոսություն չի ծավալվում: «Եղել է հրապարակային պահանջների առաջադրում եւ այդ պահանջների կատարման հարցում ընկալունակության դրսեւորում: Մինչդեռ մենք երկխոսություն ասելով նկատի ենք ունեցել երկու կողմերի ներկայացուցիչների կողմից հանդիպումների շարք, որում ՀԱԿ-ը մասնակցելու է մեկ օրակարգով՝ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացում»,-ասաց Մուսինյանը: Նրա ներկայացմամբ, երկրում առկա սուր ճգնաժամը լուծելու համար հարկ է անցկացնել նախ նախագահական եւ ապա` խորհրդարանական ընտրություններ:
Հարցին, թե իշխանությունների կողմից ՀԱԿ-ի պահանջների կատարումը ՀԱԿ-իշխանություն համագործակցությա՞ն, թե՞ միջազգային ճնշման հետեւանք է, ընդդիմության ներկայացուցիչն արձագանքեց. «Ռեժիմի հետ չենք համագործակցել եւ չենք համագործակցելու, սակայն պատրաստ ենք երկրում առկա սուր խնդիրների շուրջ երիկխոսել իրենց կողմից ներկայացված պահանջները կատարելուց հետո»: Մուսինյանը միաժամանակ հավելեց, որ չպետք է կարծել, թե իշխանությունը քնել-արթնանալով բարիացավ եւ կատարեց ՀԱԿ-ի պահանջները: Պարզապես ծանրութեթեւ արեց երկրում տիրող իրավիճակը եւ դրանից կատարված համապատասխան հետեւություններից ելնելով էլ կատարեց համապատասխան քայլեր:
ՀԱԿ-ի պահանջներից մի քանիսը կատարելով լուծվում են երկրում առկա բոլոր խնդիրները: Նման եզրակացություն անելով, ՀԱԿ մամուլի խոսնակի խոսքով, նշանակում է պատկերացում չունենալ քաղաքականության մասին:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու քաղաքական ամառը, Մուսինյանը նշեց, թե ՀԱԿ-ի համար քաղաքականությամբ զբաղվելը սեզոնային չէ. ՀԱԿ-ի համար չկա ամառ եւ ձմեռ, կա ամենօրյա աշխատանք: Նրա խոսքով, ՀԱԿ-ի ամառային օրակարգը եւս հագեցած է լինելու:




























