Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դադարեցրել է հացադուլը մայրաքաղաքի նախաքննական մեկուսարանից գաղութ տեղափոխվելուց հետո, որտեղ բանտարկյալները կարող են որակյալ բժշկական օգնություն ստանալ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարեւը:
«Ալմազբեկ Շարշենովիչը դադարեցրեցրել է իր հացադուլը, քանի որ տեղափոխման վերաբերյալ նրա պահանջը կատարվել է: Նա իրեն նորմալ է զգում, նրա ճնշումը թե երեկ, թե այսօր ցածր էր, բայց ընդհանուր առմամբ նորմալ է»,- ասել է փաստաբանը:
Ըստ Սլեսարեւի` Աթամբաեւը մեկուսարանից գաղութ է տեղափոխվել երեքշաբթի երեկոյան` Պետական քրեակատարողական ծառայության հանձնաժողովի որոշմամբ:
Երկուշաբթի նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարեւը հայտնել էր, որ Աթամբաեւը Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանից մայրաքաղաքային մեկուսարան տեղափոխվելուց հետո հացադուլ էր հայտարարել` բանտախցում տիրող վատ պայմանների պատճառով: Երեքշաբթի Պետական քրեակատարողական ծառայության հանձնաժողովը որոշում էր կայացրել Աթամբաեւի տեղափոխման մասին, քանի որ այնտեղ բանտարկյալները որակյալ բժշկական օգնություն են ստանում:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանն Աթամբաեւին 11 տարի 2 ամսվա ազատազրկման էր դատապարտել` կոռուպցիայի համար հանցավոր հեղինակություն Ազիզ Բատուկաեւին ազատ արձակման ընթացքում: Այս պահին շարունակվում է նաեւ նախկին նախագահի կալանավորման ընթացքում տեղի ունեցած անկարգությունների գործով դատավարությունը, որով նրան կարող է մինչեւ ցմահ ազատազրկում սպառնալ:





























