ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հետաքննություն իրականացնել Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ մարդկանց սպանության փաստով:  Այդ մասին հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Թոները:

«Մենք հավատում ենք, որ Վրաստանում, ինչպես եւ ցանկացած երկրում, պետք է հարգանքով վերաբերվեն քաղացիների` իրենց ձգտումները խաղաղ արտահայտելու իրավունքին», -գրում է Lenta.ru-ն:

ԱՄՆ-ը, ավելացրել է Թոները, կոչ է անում Վրաստանի իշխանություններին  «հետաքննություն անցկացնել վերջին մի քանի օրերին տեղի ունեցած  միջադեպերի առնչությամբ, որի արդյունքում մի քանի մարդ է զոհվել»:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի ժամանակ Վրաստնում երկու մարդ էր զոհվել: Վրաստանի ՆԳՆ-ի վարկածով` նրանց վրաերթի են ենթարկել ընդդիմադիր առաջնորդների մեքենաները, ընդդիմության ներկայացուցիչները կտրականապես հերքում են դա:

Հանրահավաքը ցրելու ժամանակ ձերբակալվել է ավելի քան 90 մարդ, ավելի ուշ նրանց մեծ մասը դատապարտվել է երկու ամսվա ազատազրկման: